ՀԱՎԱՔԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆ-ԱԶԱՏՈՒՄԸ — Ճարտարապետական էսսե Ժամանակի և Տարածական Ռեժիմների Մասին


Վահան Մ. Միսակյան

ՆԱԽԱԲԱՆ


Տեխնածին կամ բնական (տարերային) աղետները, արմատապես փոխելով սոցիալ-մշակույթային Էվոլուցիայի պատմական շարժման հետագիծը, հանդիսանում են տարբեր խմբերի և մշակույթների հավաքական ժառանգությունը` թողնելով ներկա սերունդներին անպատասխան հարցը, թե ինչպես նրանք պետք է կառուցեն իրենց հարաբերությունները իրենց իսկ հեռավոր անցյալի հետ, որը ներդրված և մարմնավորված է իրենց ներկայում: Այս Էսսեն դիտարկում է 1988 թվականի Հայաստանում տեղի ունեցացծ երկրաշարժը, որպեսզի պարզի (խոսի) ավելի մեծ հարցերի շուրջ` կապված տարածքային և ժամանակային ընկալմանը, որոնք վերաբերում են պատմական և հավաքական հիշողության ձևավորմանը որևէ խմբի կամ մշակույթի ամբողջությունից դուրս գտնվող սաստիկ (բռնի) ուժի արմատական միջամտությամբ:

Տվյալ տեքստը ենթադրում է, որ ընթերցողը ունի մոտավոր գիտելիք և պատկերացումներ 25 տարի առաջ ՀՀ Սպիտակ քաղաքում կատարված երկրաշարժի, ինչպես նաև դրան հետևած զարգացումների, ստեղծված և մինչ օրս ներկա պայմանների, օր.` Գյումրի քաղաքի տնակային ավանների և երկրաշարժից տուժած բնակչության սոցիալ-տնտեսական միջավայրի բնութագրի մասին, որոնք բազմաթիվ հոդվածների և մեդիա լուսաբանումների տեսքով արխիվացված են հայկական մամուլում: Հետևաբար տեքստը չի հետապնդում այս պատմության մեկ այլ նկարագրություն դառնալու նպատակը: Այն հետապնդում է դառնալ Երկրաշարժի և դրան հետևած պատմական զարգացումները ընթերցելու, ընկալելու և վերաիմաստավորելու "գաղափարական մեխանիզմ"*, հետևաբար նաև նպաստելու ճարտարապետական և հնարավոր պատմական-կուրատորական նախագծի կայացմանը:

Այս ընթերցանությամբ երկրաշարժի աղետը, դառնալով հարցման (ուսումնասիրության) առարկա, թույլ է տալիս նաև մտածել ավելի լայն տեսության մասին, որը կապում է բնական կամ տեխնածին աղետներին առնչվող հավաքական հիշողության հասկացությունները, ներկա հավաքական ապրելու մշակույթի և աշխարհընկալման գաղափարներին:

Տեքստում զարգացրած գաղափարներով և վիճարկումներով է պայմանավորված կից ներկայացված ճարտարապետական նախագիծը "Էսքիզային փուլում", որը, ըստ էության, զարգացրած մտքերի նյութականացումն է:



** նախադասությունը նշանակում է թեզիս (դրույթ) կամ նախագծի համար կարևոր, վիճարկվող գաղափար:

* տեքստում զարգացվող գաղափարները նաև արտահայտությունները, որոնք չեն կիրառվում ընդհանրական կերպով, այս էսսեից դուրս:



**Ժամանակակից աշխարհում անցյալը ոչ թե ուղղակի մտավոր վերադարձի տարածություն է` բաղկացած այս կամ այն պարզունակ խորհրդանշական մարմնավորումներից, այլ աշխարհիկ մշակույթի տարածական ձուլման պահեստ, որը ստեղծվում է արդի, ինչպես նաև պատմական հասարակա-քաղաքական ընկալման օրինաչափությունների պայմաններում: Հավաքական հիշողության մասնիկները, հակամարտելով արդի մարդու ընկալման տեսողական և տարածական դաշտի հետ, առաջացնում են այն ընդհանրացված երևակայականը, որը հավակնում է ներկայանալ ճարտարապետական միջամտությամբ. ինքնագիտակցված շարժում, որը կարող է տեղի ունենալ միայն հայեցակարգային / գաղափարական կառուցվածքի ձևավորման հետևանքում:

Այս էսսեի ընդհանրացնող ենթադրությունը կայանում է նրանում, որ իրադարձությունները, ինչպիսիք են բնական աղետները, ազդեցություն ունենալով բազմաթիվ մարդկանց կյանքերի վրա միաժամանակ, ստեղծում են բարդեցված ճանաչողության / աշխարհընկալման տարածական դաշտեր և տարածքային ռեժիմներ: Վերջիններս ձգում, լարում են հասարակության հավաքական հիշողությունը կամ շղթայում ներկայիս հիշողությունները անցյալի որոշակի կետի հետ` առաջացնելով մասնակի կամ ամբողջականորեն տարանջատված ապրելու տարածական-տևողական օրինաչափություններ հասարակության ներսում: Ճարտարապետությունը` որպես տարածական-մտքերի միջոցով գործող ոլորտ, ծառայում է որպես մեկնարկի հարթակ նման իրադարձությունների մանրամասնությունները և փոփոխականները բացահայտելու, վերլուծելու, ինչպես նաև ստեղծված հավաքական ապրելակերպի հնարավոր բարելավման և ինքնագիտակցված զարգացման ուղղություններ առաջարկելու համար: Սահմանազատումը` որպես գաղափար, ենթադրում է տարածքային գոյացումների (ձևավորումների) վերափոխում, և համարելով հավաքական հիշողությունը որպես տարածքային ձևավորում` ես կմեկնարկեմ իմ հետազոտությունը:


“Վերջիններս ձգում, լարում են հասարակության հավաքական հիշողությունը կամ շղթայում ներկայիս հիշողությունները անցյալի որոշակի կետի հետ` առաջացնելով մասնակի կամ ամբողջականորեն տարանջատված կյանքի տարածական-տևողական օրինաչափություններ հասարակության ներսում:”




Քսանհինգ տարի առաջ ՀՀ Սպիտակ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը, ինչպես նաև այս իրադարձության արդյունքում արտահայտված մշակույթային տարածական ռեժիմները,* հասարակական տարածական սահմանագծումները և մնացած հավաքական հիշողության բաղադրիչները կազմում են ազգային ինքնությանը ներազդող այն դաշտը, որից տարածվում է այս ամենի հիմնային արտացոլման պահանջը:

Անցյալի հուշարձանացումը` որպես հավաքական ինքնության վերաիմաստավորման և գրառման եղանակ, ծառայում է նաև ապրելու մշակույթի շարունակական զարգացումը իրազեկող միջնորդի դերում:

Հավաքական հիշողության սահմանազատումը,* հաջորդական ձևափոխումը դեպի պատմական հիշողության, իրագործվելով արդեն փոփոխված տեսանելիության օրինաչափությամբ, առաջացնում է հարցադրումների շարք, որը ունի ամբողջական ընկալման անհրաժեշտություն: Որո՞նք են քաղաքի հիշողության հետքերը, որ արտադրվել են այս կամ այն հասարակական տարածության ներազդեցությամբ:  Ինչու՞մ է բաղադրում հասարակական տարածության արտադրությունը* կաշկանդված ավելի լայն քաղաքական նպատակների միջավայրով: Ինչպե՞ս ընկալել հավաքական հիշողության ամբողջականությունը հակամարտող ժամանակի և տարածության ընկալման մթնոլորտում: Ի՞նչ կապեր, տարբերություններ կարող են լինել անհատական և հավաքական ժամանակ-տարածության ընկալման մեջ: Որո՞նք են ժամանակի և տարածության սահմանագծման օրինաչափությունները*, որին հանգեցրել է հիշատակման անհրաժեշտություն ունեցող իրաձարձությունը կամ ժամանակահատվածը: Այս և հաջորդող ածանցյալ հարցադրումներից է հետևում այն հայեցակարգային ճարտարապետական միջամտությունը, որը ներկայանում է այս էսսեում:


“շեմքեր, առնչվելու կենդանի անցյալին, որը ձևավորվել է հասարակական տարածությամբ”




Այս նախագծի կայացման հաջորդ փուլում` ստեղծված գաղափարների նյութականացման փուլում, առաջարկվող ճարտարապետությունը ճանաչում և կարևորում է երեք տարածական բաղադրիչների առկայությունը և նրանց փոխհարաբերությունը`

1. Ժամանակ-տարածության ձևափոխումը Հայաստանի հասարակության հավաքական հիշողության ամբողջական տարածքում:*

2. Այս ժամանակահատվածում արտահայտված հասարակա-քաղաքական տարածական ռեժիմները և դրանցից բխող աշխարհիկ կյանքի մշակույթային օրինաչափությունները:

3. Այս բազմաբնույթ զարգացումների հետևանքը ներկա հասարակա-մշակույթային տարածքում վերարտադրվող* տարածական ռեժիմները և հայ հասարակության հավաքական ինքնությունը:


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ ԵՒ ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ / ՏԵՒՈՂԱԿԱՆ ՆՈՒՅՆԱՑՈՒՑԻՉՆԵ


Հասարակությունը կամ որևէ այլ խումբ քննելով իրեն առնչվող ներկա և անցյալ իրադարձությունների և թողած հետքերի շարքը, ձեռք է բերում ինքնագիտակցում և սեփական կերպարի մասին իրազեկում, ինչը անհրաժեշտ պայման է նրա գոյության տևողական ընթացքը պահպանելու համար: Ամեն մի խումբ, մշակույթ կամ հասարակություն, իհարկե, հավաքագրում է ժամանակի մասնիկները իր սեփական պայմաններոով և ընկալման հենքերով, ինչը նշանակում է, որ ժամանակը ամեն անգամ գալիս է ներկայանալու մասնավոր ճշմարտության տարածքում: Եթե ժամանակի ընթացքը մի տասնամյակում կամ դարաշրջանում հոսում է իրադարձություններով լի մեկ այլ դարաշրջանում, այն ներկայանում է դատարկ տարածության կերպարանքով: Նման վիճարկումների շուրջ կառուցված և հավաքական հիշողությանն առնչվող սոցիոլոգիական և փիլիսոփայական դիսկուրսները շրջանառում են այն միտքը, որ ժամանակի ընկալումը, մտաբերումը կամ պատկերացումները ունեն հասարակական բնույթ և ձևավորվում են մասնավոր խմբի մշակույթային և պատմական տարածության սահմաններում: Հետևաբար հասարակությունը կամ խումբը, իր սեփական տևողական գոյության տարածքում նույնացնելով նշանակալի իրադարձությունները կամ ուղենիշները, կարողանում է կողմնորոշվել ժամանակի ներսում` հիշողության և գիտակցության շարժման հոսանքում:


“Վերաիմաստավորումը դառնում է անհրաժեշտ պայման սեփական գոյության տևողական ընթացքը պահպանելու համար”







** Երկրաշարժը` որպես բնական աղետի տարատեսակ, հանդիսանում է մի իրադարձություն, որը կապում է բազմաթիվ մարդկային գոյության դրույթները և շերտերը մեկ միասնական ժամանակ-տարածության ընկալման կառուցվածքում, նաև կապելով այդ կառուցվածքը որոշակի ֆիզիկական և ժամանակային տարածքի հետ: Այն իրադարձությունը, որը տեղի ունեցավ ՀՀ Սպիտակ քաղաքում, 1988 թվականի դեկտեմբերի 7 ին` 11:41 րոպեին հայկական ժամանակով, և տևեց 41 վայրկյան, հանգեցրեց նման կառուցվածքի: Այդուհետ, այս իրադարձությունը որոշակի մարդկանց խմբի համար վերածվեց հստակ ժամանակային սահմանագծման, որից ներս և դուրս, առաջ և հետո, գոյություն ունեն տարբեր ժամանակաշրջաններ:


“ժամանակի ընկալումը, մտաբերումը կամ պատկերացումները ունեն հասարակական բնույթ և ձևավոևվում են մասնավոր խմբի մշակույթային և պատմական տարածության սահմաններում”




Սրանցից յուրաքանչյուրը, ընկալվելով որպես հստակ իրականության կտրուկ բաժանարար ուրվագծերով, հիմք է հանդիսանում այն ժամանակի և տևողության գիտակցման մեխանիզմին,* որը ստեղծվել է այս իրադարձությունից ուղղակիորեն ազդված մարդկանց խմբի ներսում: Ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության մի զանգված այս ամենի հետևանքով ունենում է հավաքական ամբողջությունից տարբեր սահմանագծումներ իր հավաքական հիշողության տարածքում* և, հետևաբար, նաև բոլորովին այլ ինքնագիտակցման օրինաչափություն: Հայաստանի հասարակության հավաքական ինքնության ասիմետրիկ զարգացումը, սկսված այս կետից, շարժման այն հանգույցն է, որը այս նախագծում ենթարկվում է ավելի մանրամասն ընթերցման:

Հասարակության այս խումբը, իրադարձության արդյունքում հայտնվելով միջանկյալ, անցողիկ տարածության մեջ, ընկալում է ժամանակ-տարածության ներսում շարժման երկու կետեր.

1. Սկզբնակետը, այսինքն` այն ակնթարթը որտեղ տեղի ունեցավ համընդհանուր իրականության հարթության կտրուկ ձևափոխումը:  

2. Վերջնակետը` այն տարածությունը, որտեղ վերականգնված և վեևափոխված իրականությունը կարող է արդեն ապահովել ժամանակ-տարածության մեջ նորմալ և բնական շարժման ընթացքը:




Դիտարկվող խմբի ներկայությունը միջանցիկ կետում կարելի է պատկերել "հավաքական հասարակա-մշակույթային սպասասրահ" փոխաբերությամբ, քանի որ կանխատեսվող ապագան, որը բնական զարգացման դեպքում կներկայանար շատ ավելի վաղ, ենթարկվում է անորոշ տեղաշարժման` այսպիսով ձգելով և դեֆորմացնելով ժամանակ-տարածության շավիղը այս խմբի համար: Փոփոխված ժամանակային հաջորդականության ռիթմը հանգեցնում է մի նոր դատարկ տարածության, որը ձեռք է բերում անբնական լարվածություն` լցվելով հիշողության մասնիկներով բաղկացած անցյալի գիտակցումից, և մտքերով` սպասվող նոր տարածական օրինաչափության մասին, որոնք իրենց հերթին հոսում են կանխատեսվող ապագայի երևակայականից:


“աշխարհիկ կյանքի նոր տարածքային սահմանագծում, որի ներսում նաև տարբերվող` ապրելու այլ մշակույթ և օրինաչափություն”




** Այս պրոցեսը, համընդհանուր հայկական հասարակամշակույթային օրինաչափության պայմաններում, ստեղծում է աշխարհիկ կյանքի նոր տարածքային սահմանագծում, որի ներսում նաև տարբերվող` ապրելու այլ մշակույթ և օրինաչափություն: Հետևաբար ժամանակային բաժանումները, որոնք բխում են արդեն սահմանագծված հասարակա-մշակույթային տարածքի օրինաչափություններից, տարբերվում են համընդհանուր Հայաստանի հասարակության ժամանակի և տևողության բաժանումներից: Մեկուսացված խումբը, դառնալով անտեղյակ համընդհանուր հասարակության շարժման ռիթմին ժամանակ-տարածության շավիղով, զարգացնում է նաև իր սեփական ժամանակի նկարագրությունը` պայմանավորված բնության և իրեն բնորոշ աշխարհիկ մշակույթի օրենքներով:

Քարորդ դար ժամանակահատվածում տեղի է ունենում նաև հասարակության այս խմբի տրոհում, ինչպես նաև վերարտադրություն. որոշ հատվածներ, ժամանակի ընթացքում մասնատվելով ընդհանուրից, միանում են նոր տարածական օրինաչափություն ունեցող գոտիների, բայց միևնույն ժամանակ շարունակում բնակվել ընդհանուր խմբի հավաքական հիշողության և ապագայի երևակայականի միջանկյալ տարածքում` արդյունքում մնալով մասնակից այս խմբի հավաքական ինքնության ձևավորմանը: Նոր սերունդը, ձևավորվելով ստեղծված ժամանակի և տարածության սահմանագծված տարածքում և դրա ներսում ձևավորված աշխարհիկ մշակույթի օրինաչափությամբ, իր հերթին զարգացնում է այլ ժամանակի և տևողության բաժանումներ: Այս սերունդը, ի տարբերություն նախօրինակի, ունի կողմնորոշման միայն մեկ կետ` կանխատեսված տարածությունը իր նոր օրինաչափությամբ, որը պայմանավորված է նախորդ սերնդի ապագայի երևակայականով: ** Այսպիսով, այս խմբի հավաքական հիշողությունը շարունակում է առաջնորդել նախորդող հավաքական ինքնագիտակցման և ինքնության ձևակերպումը, իսկ նախօրինակը` առաջին սերունդը, դառնում է ժամանակ-տարածության այն եզրը, որի միջոցով հնարավոր է առնչվել այլ անցյալների և այլ պատմության հետ, որը գոյություն է ունեցել մինչև շարժման սկզբնակետը` այն իրողությունը որը ձևափոխել է խմբի հավաքական իրականության հարթությունը:


“պայմանավորված նախորդ սերունդի ապագայի երևակայականով”




Անհատական ժամանակի և տևողության ընկալումը, լինելով պայմանավորված անձնական-ինքնատիպ ժամանակային բաժանումներով, իր հերթին ենթարկվում է փոփոխության ավելի լայն հասարակա-մշակույթային ժամանակի հաջորդականության ռիթմի պայմաններում: Դիտարկվող խմբի համար վերջինս այն ընդհանրացված բաժանումն է որը բաղկացած է շարժման սկզբնակետից և ակնկալվող վերջնակետից (այն դեռ քարորդ դար անց շարունակում է տեղաշարժվել): Ընդհանրացնելով կարելի է վիճարկել, որ այս սահմանագծված տարածքում գոյացած տարածական օրինաչափությունը աստիճանաբար բերում է ֆիզիկական և գիտակցային դանդաղկոտությանը` որպես շարժման վերջնակետ ընդունելով հավաքական գիտակցության բացարձակ անշարժացման ռեժիմը:


“ակնկալվող վերջնակետ, որը դեռ քարորդ դար անց շարունակում է տեղաշարժվել”




-/- Հեռանալով այս ընդհանրական պատկերից և մոտենալով մարդու մասշտաբին` կարևոր է ընդգծել հետևյալը. ընդհանրապես, փիլիսոփայության և հիշողության հոգեբանության դիսկուրսներում գոյություն ունեն ժամանակ-տարածության տարբեր մեկնաբանություններ և պատկերումներ. այս նախագիծը, պայմանավորված իր գաղափարական նկատառումներով (օր. առաջացնել պատկերավոր մտածողություն տվյալ առարկայի շուրջ), ժամանակ-տարածությունը դիտարկվում է որպես միասնական անշարժ շավիղ, որի ներսում մարդու գիտակցության շարժման ընթացքում, ստեղծվում և տեղաբաշխվում են հիշողության մասնիկները: Նախագիծի նյութականացման փուլում, որպես փոփոխական, նաև կկիրառվի հետևյալ հասկացությունը. ժամանակի լայն բաժանումները բնորոշ են հասուն (մեծահասակ) մարդկային տարիքում, նրանք բերում են ժամանակի ավելի արագ ընկալմանը, իսկ մանր բաժանումները, որոնք բնորոշ են ձևավորվող մարդուն (մանկահասակ տարիքում) բերում են նույն ժամանակի ավելի արագ ընկալմանը: Այսինքն` երկրորդ դեպքում, դանդաղ օրինաչափությամբ ժամանակ-տարածության շավիղով շարժումը հետևանք է ավելի շատ նոր հիշողությունների ստեղծմանը, իսկ արագ շարժումը` ավելի քիչ:



ՀԱՍԱՐԱԿԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԸ ԵՒ ԴՐԱՆՑԻՑ ԲԽՈՂ ԱՇԽԱՐՀԻԿ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկրաշարժի իրադարձության ժամանակ Հայաստանի Հանրապետությունը դեռ մաս էր կազմում ավելի լայն հասարակա-քաղաքական տարածական ռեժիմի, որը գործում էր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ներսում: Այս տարածությունը ուներ իր սեփական, ներկա Հայաստանի տարածությունից տարբերվող, հասարակական տեսանելիության և առօրյա-աշխարհիկ մշակույթային օրինաչափությունները:* Հայաստանի երկրաշարժը, նրա մասին լրատվամիջոցներում արծարծման ժամանակացույցը, որը արխիվացված է մասնավորապես տպագիր հեռուստա-հեռարձակման մամուլի տեսքով, խոսում է այն մասին որ հանրապետությունը կամ ԽՍՀՄ մարդկային բնակչությունը առհասարակ, գտնվում էր ընդհանուր տարածության անտեսման և անտեսանելիության սահմանին: Այս ընդհանուր հասարակա-մշակույթային տարածության մեջ մամուլը ընդունելով որպես այդ մշակույթին առնչվելու պատուհան, արժի ընդգծել հետևյալը` ռուսերեն լեզուն, որպես այս տարածության աշխարհիկ-առօրյա մշակույթի ընդհանրացնող կապակցանյութ, հանդիսանում էր հայ հասարակության բարձրաշխարհիկ ինքնության երևակայականի բաղկացուցիչ մասնիկ, ինքնագիտակցում, որը հնարավոր էր միայն սեփական ինքնության բացակայության պայմաններում: Հետևաբար երկրաշարժի պահին և դրանից անմիջապես հետո, դիտարկվող խումբը ընկալում էր ինքն իրեն առաջին հերթին որպես ԽՍՀՄ անդեմ տարածության բաղկացուցիչ:


“սեփական տարածքային ընկալման ճշգրտացումը, որը տեղի ունեցավ Հայ Հասարակության հավաքական գիտակցության մեջ”




Հետևաբար կարելի է վիճարկել, որ սեփական տարածքային ընկալման ճշգրտացումը տեղի ունեցավ հայ հասարակության հավաքական գիտակցությամբ, որ հայ ու հայաստանցի կամավորականները առաջին ռեսուրսն են ձևափոխված իրականությունը շտկելու գործում: ** Ժամանակ-տարածության շավիղում այս կետը պետք է դիտարկվի որպես երկրաշարժի իրականությունից ուղղակիորեն ազդված խմբի ինքնության ձևավորման սկզբնակետ, ինչպես նաև ընդհանուր հայ հասարակության ինքնությանը ներազդող կարևոր հանգույց: Սոցիալիստական միջավայրում ենթադրված մշակույթային օրինաչափությունը մարմնավորված էր մի շարք աշխարհիկ սովորույթների, այդ թվում նաև ռուսաց լեզվի առօրյա մշակույթի բաղկացուցիչ տարր կազմելու մեջ: ** Պատմականորեն հայ հասարակության շարժումը, ընդառաջ գնալով այս օրինաչափությանը, անձնավորված հասարակության տարբեր խմբավորումների ձևափոխման պատրաստակամությամբ, արտահայտում է պատմական տարածական ռեժիմը, որը ունեցել է իր ներազդեցությունը ձևավորելու անգիտակցված, հետևաբար նաև անտեսանելի հավաքական հնազանդության մշակույթը:


“անգիտակցված հետևաբար նաև անտեսանելի հավաքական հնազանդության մշակույթը ձևավորելու տարածական ռեժիմը”




Հայկական հասարակության ներսում աշխարհիկ մշակույթի ձևափոխման գորընթացը շարունակվեց նաև հետագա այլ նշանակալի իրադարձությունների ներազդեցությամբ (հաջորդող պատերազմը, նախագահական հանրապետության ենթադրած մշակույթը և այլն): Հայաստանի հասարակությանը շրջապատող ընդհանուր միջավայրի պատմական ձևափոխումը, սոցիալիստական հասարակական պարադիգմատիկ տարածությունից դեպի շուկայական հասարակության տարածություն, բերում է իր հերթին նաև նոր կյանքի մշակույթ` մասամբ պահպանելով պատմականորեն սոցիալիստական միջավայրում ձևավորված սովորությունները, մասնավորապես հավաքական հնազանդության մշակույթը:

Փորձելով պատկերել այս զարգացումը` պարզաբանող միտք կարող է հանդիսանալ Ֆրանսիացի փիլիսոփա-սոցիոլոգ Անղի Լըֆեվղի (Henri Lefebvre) վիճարկումներից մեկը.


“Մտածելով տարածության մշակույթային պատմության մասին` չպետք է դա անել մեկ տարածական ռեժիմից դեպի մյուսը անջատ շարժման առումով, այլ պետք է դիտարկել (հասկանալ) այն առօրյա կյանքի մեջ և միջով արտադրված տարածությունների շարունակական փոխազդեցության պայմաններում:”



Համաշխարհային տնտեսական մթնոլորտը և դրանից բխող շուկայական մշակույթը պարունակում է ապրանքայինացման գործընթացը որպես կարևոր փոփոխական, որը կազմում է հայ հասարակության համար դեռևս անտեսանելի գաղափարախոսությունը: Ժամանակակից հայ մշակույթի դիմադրողականության բացակայության պայմաններում շուկայական մշակույթը մարմնավորում է մեկ այլ տարածական ռեժիմ, որին ժամանակակից հայ հասարակությունը հնազանդվում և համակերպվում է հավաքական մարմնով: ** Այս տարածական ռեժիմի կողմնակի արտադրանք է ամեն ինչի ապրանքայնացման գործընթացը և հակվածությունը:  Դիտարկվող խմբի ինքնության ձևափոխումը նույնպես անջատ չի մնում այս գործընթացից. թելադրված հավաքական գոյության (գոյատեվման) մշակույթի օրինաչափությամբ սեփական իրադրության ապրանքայնացման մշակույթը մարմնավորում է մեկ այլ ձևափոխություն, որը հարկավոր է ըմբռնել հայ հասարակության հավաքական ինքնության ձևավորման գործընթացում:

Մշակույթային դիմադրողականության հասկացությունը` որպես ինքնագիտակցման կամ մտավոր դիմադրության ձև, առաջնորդված լինելով հավաքական կյանքի մշակույթով, գրեթե անհնար է առանց այս տեսակ փոփոխականների բացահայտման և նույնականացման: Արտաքին ֆորմալ կառույցները, որոնք կառավարում են հասարակա-քաղաքական տարածական ռեժիմները, որոնք իրենց հերթին բաղադրում են մշակույթային հարթության ֆինանսական-տնտեսական ձևավորումը, խթանում են ուժի և իշխանության սովորությունների և սովորույթների բնակեցման տարածականացման գործընթացը` արդյունքում վերահաստատելով և պահպանելով հասարակա-մշակույթային տարածության կազմակերպման այն օրինաչափությունները, որոնք հնարավոր են դարձնում հենց նույն ֆորմալ կառույցների գոյությունը: ** Հետևաբար, արդյունավետ մշակույթային միջամտությունը, որը կլինի ազատ այսպես կոչված մշակույթային ոլորտից, պետք է նաև կարողանա նույնականացնել նման զարգացումները իրենց բաղադրիչներով, համակարգային եղանակով:  





photo credits - Danilo Balducci, Armen Muradkhanyan

ՎԵՐԱՐՏԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԸ ԵՒ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
ներկա Հայաստանի հասարակա-մշակույթային տարածքում

Հավաքական ինքնությունը և ինքնագիտակցումը բաղադրում է մի շարք փոփոխականներ` այդ թվում նաև հավաքական հիշողությունը, պատմական հիշողությունը, աշխարհիկ ինչպես նաև բարձր մշակույթը: Այս ամենը ձևավորում է փոխկապակցված, պատմական տարբեր իրադարձությունների պայմաններում և մարմնավորում այն անտեսանելի ցանցը, որը իր ազդեցությունն է ունենում ամեն մի քաղաքացու` Հայաստանում բնակվող մարդու կյանքի վրա առանձին վերցրած: Հետևաբար, հավաքական ինքնագիտակցման հաստատման անհրաժեշտությունը հանդիսանում է կարևոր պայման ազատ մարդ ստեղծող մշակույթը ձևավորելու գործընթացում:

Ներկա հանրապետությունում, այն ֆիզիկական տարածությունը, որը հատկացված է դիտարկվող խմբի բնակեցման համար; մարմնավորում է վերը նշված ժամանակ-տարածության, ինչպես նաև հասարակա-մշակույթային տարածական ռեժիմների ֆիզիկական կենտրոնացման վայր: Արդյունքում ստեղծված միջավայրը, նյութականացվելով որպես սահմանագծված և մեկուսացված տարածք քաղաքային հյուսվածքում, հանդիսանում է սոցիալ-հասարակական, մշակույթային և հոգեբանական մի հանգույց, որը սպասարկում է թշվառության վերարտադրման տարածական ռեժիմին, մեկ այլ զարգացում, որը ունի իր ազդեցությունը ժամանակակից հայ հասարակության ինքնության վրա:** Այս գործընթացը կավարտվի տնակային ավանների վերացման և ընդհանուր հասարակա-մշակույթային տարածքի վերականգման արդյունքում: Վերջինս հնարավոր է միայն հավաքական հիշողության սահանազատման և աշխարհիկ մշակույթի վերակառուցման հետևանքում (այսինքն` հավաքական հիշողության վերաիմաստավորման, ինչպես նաև աշխարհիկ մշակույթի ու նրա պատմական զարգացման քննադատական զննման պայմաններում, մի գործընթաց, որին այս էսսեն իր վիճարկումներով մասնակից է դառնում, կամ շարժում, որին սկիզբ է դնում):


“ազատ մարդ ստեղծող մշակույթը ձևավորելու գործնթացը”




Ինչպես արդեն մատնանշեցի, երկրաշարժի իրողության պահից սկսված տեղի է ունեցել հայ հասարակության հավաքական հիշողության ճյուղավորում և տարածքայինացում` ստեղծելով մասնատված հոգեբանական ատմոսֆերիկ տարածություններ հասարակության ներսում: Այսինքն` երկրաշարժից տուժած խումբը քառորդ դար ժամանակահատվածում ենթարկվել է ոչ միայն ֆիզիկական և հոգեբանական հյուծման, այլ հայտնվել սահմանագծված և մեկուսացված իրականության մեջ, որտեղ ենթարկվել է ֆենոմենոլոգիական ձևափոխման: Այս գործնթացը իր հերթին ուղղորդվել է աշխարհիկ մշակույթի բոլորովին տարբեր զարգացման օրինաչափություններով (որը մասնավորապես պարունակում է տնակային ավանների ֆիզիկական միջավայրում)` այսպիսով նպաստելով վերարտադրվող խեղճության, չքավորության *տարածական ռեժիմնեին: Ավելին, Հայաստանի հասարակության աշխարհիկ մշակույթի պատմական ձևավորումը քառորդ դար ժամանակահատվածում ուղղորդվել է մշակույթային դիմադրողականության բացակայությամբ, որը հնարավոր է դարձել թույլ հավաքական ինքնագիտակցման և ինքնության անլիարժեք ընկալման պայմաններում (օր. ԽՍՀՄ մշակույթի և հետագայում համաշխարհային շուկայական մշակույթի ազդեցությունները աշխարհիկ կյանքի մշակույթային տարածության ձևավորման գործընթացում):


ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ/ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ներածություն


Առաջարկվող ճարտարապետական միջամտությունը նյութականացնում է այս էսսեի հիմնական գաղափարները ու ծառայում որպես մեկ այլ մտածելու եղանակ, տարբեր գրավոր խոսքից կամ ի լրացում գրավոր խոսքին: Այսինքն` վերը նշված պատմության ընկալման որոշակիության և դրա տարածական բաղադրիչների վերարտադրությունը ճարտարապետական առարկայի և նյութի համադրության միջոցով (նման հուշարձանը, ամեն ինչից զատ, նպատակադրված է ապահովել ապագա հայ հասարակության աշխարհիկ մշակույթի հավաքական քննադատական կեցվածքը իր զարգացման գործընթացին և այն ազդեցության վեկտորներին, որոնք գոյություն ունեն իր անմիջական տեսանելիության տարածքից դուրս):









︎ | ︎ | ︎ | ︎


© 2016-23 X-COMMONS.COM

The entire content of the website, as well as its graphic and conceptual presentation, are subject to the copyright of the respective author and may not be reproduced or used without the express written permission of said author.

Mark