December 20, 2016
by Vahan Misakyan
by Vahan Misakyan
«Ամեն գործիչ պետք է հաշտեցնի այն ինչ համարվում է արդար, նրան ինչը համարվում է հնարավոր: Այն ինչ համարվում է արդար կախված է պետության ներքին կառուցվածքից: Այն ինչ համարվում է հնարավոր կախված է պետության ռեսուրսներից, աշխարհագրական դիրքից, վճռականությունից, ինչպես նաև հարևան պետությունների դիրքից, վճռականությունից ու ներքին կառուցվածքից: Հանգամանքները ստիպում են, որ պետական գործիչը հաշտեցնի հնարավորը արդարի հետ, հաճախ ընտրելով հրատապի ու կարևորի միջև...» Հ. Քիսինջերը իր «Մի Աշխարհ Վերականգնված» գրքի նախաբանում արտահայտում է նման մի միտք:
Բոլորիս համար ակնհայտ է Ղարաբաղյան խնդրի լուծման հրատապությունը ու նաև ակնհայտ է մեր ինքնավար գոյության կարևորությունը: Ավելին, քարտեզային աշխարհընկալումը մեր ինքնության մաս չի կազմում ու բնորոշ չի հայի տեսակին, իսկ անհատի իրավունքը մեր մեջ անհամեմատ ավելի մեծ նշանակություն ունի, քան թրքանման կույր հավաքականություններում, որտեղ վերացական քարտեզը ու դրոշը իշխում է բոլորի ինքնության, գիտակցության ու մարդկային գոյության իրավունքների վրա: Բայց արդյո՞ք իրականությունը ճիշտ ենք չափում, խոսելով տարածքային փոփոխություններից։ Ո՞րն է մեր ճշմարտության չափման կանոնը։ Այն որ գոյություն ունի միջազգային իրավունք կամ օրինաչափություն, որին մեր հակառակորդը կհարմարվի՞։ Դատելով Տեր Պետրոսյանի ելույթից կարելի է ենթադրել, որ գործ ունենք ռացիոնալ հակառակորդի հետ, ով չի առաջնորդվում հայի տեսակին ահաբեկելու ռազմավարությամբ, անընդհատ փորձելով ճնշել Արցախի ու Հայաստանի բնակչության հավաքական կամքը թե՛ կեղծ ինֆորմացիոն, թե՛ բռնության ճանապարհով: Բայց իրականությունը այլ է:
Տեր Պետրոսյանի ելույթը ՀԱԿ 2-րդ (20-րդ) համագումարում պետք է սահմանափակվեր այսքանով «ազգ-բանակի կառուցման հայկական տարբերակի ճարտարապետները պարտավոր են, առաջին հերթին, պատասխանել հետեւյալ երեք հարցերին. ինչպիսի՞ պարտադրանքից է թելադրված այդ ծրագիրը, ի՞նչ խնդրի լուծմանն է կոչված այն, եւ որքա՞ն ռեսուրսներ են պահանջվելու նրա իրականացման համար»։ Մնացած խոսքը ունի ապակառուցողական ու հավաքական կամքի բացասման ենթատեքստ:
Գիտակցված թե չգիտակցված, Տեր Պետրոսյանի խոսքի մեծ մասը ուղղված է հայ տեսակի վճռականության դեմ: Հավաքական հատկանիշ, որը մենք ժառանգել ենք մեր հազարամյա կյանքի մշակույթից, որը մեր գոյության միակ երաշխիքն է ու ամենակարևոր ռեսուրսը: Մարդիկ ովքեր շփում չեն ունեցել աշխարհակարգի ազդեցությունների ետնաբեմի մեջ, կույր են այն խոսքին, որը ուղղված է հավաքական վճռականության դեմ ու կարող են այս ելույթը ամբողջությամբ շփոթել քննադատության հետ: Այս ելույթը շատ ավելին էր քան քննադատություն: Հարգելով մեր առաջին նախագահին ու տեսնելով 2008 -ի նրա մասնակցությամբ առաջ եկած շարժումը ու դրա ազդեցությունները քաղաքացիական հասարակության կայացման վրա, ենթադրում եմ, որ իր խոսքի ենթատեքստը ընդամենը սեփական անվճռականության արդյունք է, այլ ոչ թե մտածված հռետորաբանական հնարք` ազդելու հայի հավաքական կամքի վրա: Հատկանիշ, որի պակասի պատճառով Տեր Պետրոսյանը ընդմիշտ կմնա որպես ընդդիմախոս:
Ազգ-բանակ հասկացությունը անտեսելու կամ քննադատելու շատ տարբերակներ կան։ Հասկացությունը այս պահին նորաթուխ է, այսինքն` քննադատելու համար շատ խելք պետք չի: Բայց ամեն տեսակի քննադատական խոսք պետք է կառուցված լինեն մի պարզ, անժխտելի ճշմարտության վրա` հայ ազգի ու նրա պետության գոյությունը պայմանավորված է միայն մի բանով, նրա հավաքական կամքով` վճռականությամբ: Հատկանիշ, որը 21-րդ դարում պետք է հակադրվի թրքանման գոյատեսակի վճռականությանը: Այսինքն ցանկացած քայլ, լիարժեք թե անլիարժեք, որը կամրացնի Հայի հավաքական վճռականությունը ու առաջ շարժվելու կամքը, պետք է դառնա ազգային-գաղափարախոսական հիմնաքար, իսկ քննադատություն, որը հավաքական կամքը կփորձի չեզոքացնել, պետք է անտեսվի:
Անհամ ներկուսակցական փիառից այն կողմ, կառուցողական հարցը հետևյալն է, թուլանում է արդյոք Հայի հավաքական կամքը "Ազգ-Բանակ" գաղափարի իրագործման արդյունքում թե ոչ: Պատասխանը ակնհայտ է, չի թուլանում: Մենք, ըստ էության, արդեն ապրում ենք ազգ-բանակում ու Ապրիլյան պատերազմի հավաքական արձագանքը վկայում է դրա մասին: Դրդված մեր ազգային բնավորությունից, ուզենք թե չուզենք ունենք ազգ-բանակ միայն այն պատճառով, որ սահմանի կայունությունը պաշտպանում են հայերը: Պետական կառույցները, որպես հետևանք իրական մարդկային գործունեությունների այլ ոչ թե ստեղծարար ուժ, արձագանքել են այս ձևակերպումը առաջ քաշելով:
Հետ սովետական մտածելակերպը շատերին համոզում է թե պետական կառույցները արտադրողն են այլ ոչ թե արտադրանքը հասարակական կարգի, ներքին կառուցվածքի ու հարաբերությունների: Դա վաղուց արդեն այդպես չի: Պետական կառավարման ինստիտուտները ընդամենը հետևանք են, հաճախ նույնիսկ կողմնակի արտադրանք, բայց ոչ թե գլուխ կամ սիրտ այն մարմնի, որին անվանում ենք Հայաստան կամ հայկական աշխարհ: Ադմինիստրատիվ կառուցվածքները անշուշտ կարող են հավաքական կամքին հակառակ ներազդել ներքին օրինաչափության վրա, բայց միայն կարճաժամկետ: Ցանկացած օրենք կամ քաղաքականություն որը կհակասի հավաքական կամքին չի կարող ունենալ երկար կյանք: Այսինքն` ոմանց թեոլոգիկ հակադրությունը ազգ-բանակի գաղափարին պետք է մատնանշի խզումը հայ հավաքական կենսակերպի ու դեռ չսկսված "ազգ-բանակ" անվանմամբ քաղաքականության միջև, իսկ դա դեռ հնարավոր չի անել:
Շատերը արդեն գիտակցում են, որ այս տարածաշրջանում մեր պայքարը ոչ թե տարածքների համար է այլ ահաբեկչության դեմ։ Հայաստանի գլխավոր հակառակորդի ահաբեկչական ռազմավարությունը ինքնին չի վերածվելու բարեկամական ու կառուցողական հարաբերության, իսկ ազգ֊բանակ գաղափարը պետք է ծառայի հայի գոյակերպի ապահովման գործին։ Հայաստանի հայերով գիտակցենք թե չգիտակցենք, մենք, թե՛ Հայաստանում ու թե՛ դրանից դուրս, միայն մեր գոյությամբ արդեն բացասում ենք “թրքակերպությանը”։ Ազգ֊բանակը չի կարող ուղղված լինել խանգարելու հարևանների հետ համերաշխ հարաբերություն կառուցելուն, այլ պետք է ուղված լինի ապահովելու անջատ տարածքային ձևավորման ներսում մեր հավքական կենսակերպը, ինչը մեր հակառակորդի հավերժ թիրախում է։ Ո՞րն է նպատակը։ Նպատակն է ստեղծել թրքանման գոյակերպի չեզոքացման հերթական գործիքը։ Այսինքն` գործիք, որը կհակադրվի ազգայնամոլության ու վերացական քարտեզների կամ գոյություն չունեցող տարածքային պատմության պաշտամունքի արդյունքում առաջացրած «արդարության» բռնի քաղաքականության ծրագրին։
Ուղղելով քննադատություն ինքներս մեզ մենք, անշուշտ, պետք է մատնանշենք մեր թուլությունները, հիմնավորելով ամեն մի քննադատական թեզ կառուցողական ձևով: Բայց, անպայման պետք է նաև ընդգծենք մեր կարողությունները, որպես Ազգ: Իսկ կարողությունները շատ ավելին են, քան ոմանք կփորձեն Ձեզ համոզել: Մեր ամենակարևոր ռեսուրսը՝ վճռականությունը ու ապրելու կամքը, նախանձի առարկա է շատ հին ազգերի համար ու այս ռեսուրսը պետք է ուղղորդի ցանկացած քաղաքականություն: Չնայած նրան, որ ազգ֊բանակ հասկացությունը առաջ է քաշվել պետական կառույցի կամ դրա ղեկավարի կողմից, այն չունի ճարտարապետություն։ Այդ գաղափարի ճարտարապետներ կարող են հանդիսանալ բոլոր հայերը, իսկ պետությունը ստիպված կլինի առաջնորդվել հավաքական կերպով կառուցված ճարտարապետությամբ։