April 22, 2018
by Vahan Misakyan







Հայկական հանրապետությունը այս օրերին արտադրում է իր իսկական քաղաքացուն։ Քաղաքացին, որպես քաղաքական առարկա, պարադոքսալ է իր բնույթով, այն կայացած է միայն իր կամավոր հարաբերության մեջ որպես կառավարվող առարկա՝ այսինքն իր քաղաքական հարաբերության մեջ։ Քաղաքացին այսօր հրաժարվում է հնազանդվել պետությանը, կառավարվել, որովհետեւ քաղաքական հարաբերությունը պետության ու քաղաքացու միջեւ իսպառ բացակայում է ՀՀ առօրյա կյանքից։ Մի պահ հետ կանգնելով կտեսնենք որ հայ հավաքականությունը այսօր, ամենապատշաճ քաղաքական միջոցներով, ստեղծում է իսկական ժողովրդավարություն, միարժամանակ անշարժացնելով ոստիկանական պետությանը որպես երեւույթ։

Դիսկուրսիվ դաշտում թյուր փորձեր են արվում որակել զանգվածային քաղաքացիական անհնազանդությունը որպես ոչ պատշաճ քաղաքական գործընթաց, հավատալով որ այսպես կոչված պատշաճ քաղաքականության վայրը ազգային ժողովն է իր անբովանդակ բովանդակությամբ։Անհեթեթություն։ Ինչպե՞ս կարող է այդ վայրում իրականացվող որեւէ գործընթաց որակել որպես քաղաքական երբ այդ վայրի հետ քաղաքացին չունի քաղաքական հարաբերություն։ Եթե ազգային ժողովը երբեւէ պետք է գործի որպես քաղաքականության իրացման վայր, այն պետք է հրաժարվի համաձայնությունը կամ այպես կոչված կոնսենսուսը որպես ձգտումների վերջնական հորիզոն դարձնելու անմտությունից ու բնակեցնի իր ներսում բազմաբեւեռ քաղաքական հակամարտությունը, իրականացված քաղաքացու իսկական ներկայացուցիչների, այլ ոչ թե ինչ որ անհասկանալի մադանման արարածների կողմից։ Այսօր իսկական քաղաքական գործընթացը իրականանում է Երեւանի փողոցներում ու հրապարակներում, ազգային ժողովի շենքից դուրս, ու դրանից ոչ մի աստիճան չի պակասում դրա պատշաճ քաղաքական բնույթեը։

Ոստիկանական պետության գործոնը ամբողջությամբ կասեցված է միայն բացարձակ խաղաղ ազատական անարխիայի դեպքում, այսինքն խաղաղ քաղաքացիական անհնազանդության դեպքում։ Հետեւաբար, հավաքների խաղաղ բնույթը նույնն է ինչ իմուն համակարգը վարակների սպառնալիքի տակ դիմադրող մարմնի համար։ Ոստիկանական պետությունը որպես կանոն կփորձի ամբոխացնել հանրությանը, կատալիզացնել բռնություն որպեսզի լեգիտիմացնի իր ուժի կիառումը, բայց քաղաքացիական շարժումը սա լավ գիտակցելով վերածվել է ինքնավերահսկվող մի մարմնի։ Այս իմունոլոգիական արթուն գիտակցությունը անհրաժեշտ է պահպանել ազատական խաղաղ անարխիայի դեպքում, անընդհատ։

Այս ամենի հանգուցալուծումն արդեն կրկնակի անգամ արծարծվել է, ըստ էության պետք է ենթարկվել ժողովրդի կամքին։ Այսպիսով ՀՀ վարչապետը, որպես քաղաքացի կարող է հաղթանակած դուրս գալ այս իրավիճակից քանի որ հաղթանակած է դուրս գալու Հայկական հանրապետությունը, իրականացնելով ժողովրդի կողմից հստակորեն շարադրված մանդատը։ Թե ինչ ձեւաչափով կամ հերթականությամբ, սա անկարեւոր է։ Միգուցե նույնիսկ մնա՞ պատմության մեջ որպես համահեղինակ ճարտարապետ այդ ժողովրդավար խորհրդարանական հանրապետության, կպարզեն ապագայի պատմաբանները իրենց հնեագիտական պեղումների ժամանակ։ Մի կողմ թողնենք այս մանրուքները ու մի պահ հետ կանգնեք տեսնելու արդեն իսկ հաղթանակած նորաստեղծ հայ քաղաքացու մշակույթը։ Եթե դեռ չեք գիտակցում այս նորաստեղծ ազատական մշակույթի պատմական կարեւորությունը ուրեմն սկսեք գիտակցել։ Հայկական պետության մեջ այլեւս տեղ չեն կարող գտնել պարզունակ ցեղային ու կենցաղային հարթակների շուրջ գոյացող ուժային հարաբերություններով իրականացվող պետության կառավարում որովհետեւ Հայկական Հանրապետությունում այօր բնակվում է իր իսկական քաղաքացին։










︎ | ︎ | ︎ | ︎


© 2016-23 X-COMMONS.COM

The entire content of the website, as well as its graphic and conceptual presentation, are subject to the copyright of the respective author and may not be reproduced or used without the express written permission of said author.

Mark