April 18, 2016
by Vahan Misakyan
by Vahan Misakyan
![](https://freight.cargo.site/t/original/i/12de8ab9beb03d9368e63511d28a5718b7dfaa3100b7d42d553a90b4eeb64603/5_Vahan_M-copy.png)
Մեկնարկում է նախագիծ անհայտ կամ չսահմանված համընդհանուրի մասին x-commons.com, որը հրավիրում է բոլոր տարածական և կառուցողական մտածողներին մասնակցել նոր տեսակի դիսկուրսի ստեղծմանը` ներկայացնելով մտքեր և մտավոր գործեր հրապարակման համար: x-commons.com-ը հարթակ է մտածելու ընդհանուր ունեցվածքների, նյութական և աննյութական ռեսուրսների. մասնավորապես Հայկական աշխարհի ու նրա Հանրապետությունների տարածքային համակցողների մասին:
Վերջերս շատ են կիրառվում արժեհամակարգ, հայրենիք, պետականություն և այլ նման բառաշարքեր, բնութագրելու մեր համընդհանուր կարողությունները` որպես ազգ, բայց իրականում ի՞նչ է նշանակում ունենալ համընդհանուր ու հարաբերվել համընդհանուրին: Որպես կանոն նման արտահայտությունները տարածվում են անպատշաճ հուզական ու ցածրաճաշակ գեղագիտական արտահայտմամբ: Լքելով որևէ կառուցողական դիսկուրս, հանրությունը կրկին ու կրկին նախընտրում է թաղվել գրականային անիմացության հռետորաբանական ճահճում: Հաճախ այս տեսակ հասկացությունները տեղ են գտնում նաև այսպես կոչված քաղաքական վերլուծաբանության բառացանկում, մեկ այլ գրվածքների ժանր, որը հակված է հուզական այլ ոչ թե տրամաբանական հայցով դիմել հանրությանը: Արդյունքում չի ձևավորվում քննադատական և կառուցողական դիսկուրսիվ դաշտ, որտեղ հնարավոր կլիներ պարզել, թե ինչպես գնալ համընդհանուրի հավաքական գիտակցմանն ու տնօրինմանը, և որպես հետևանք նաև միասնականության:
Միասնականության մասին խոսելու ցանկացած փորձ, փորձ է նաև սահմանել ընդհանուր ունեցվածքները` մարդկային, նյութական կամ աննյութական ռեսուրսները: Մենք բոլորս, հատկապես հայաստանաբնակ հայերս, վերջերս զգացինք թե ինչ է նշանակում ապրել միասնական ռեժիմով: Կարճատև պատերազմի ընթացքում ընդհանուրը դարձավ մասնավոր, հավաքականը անձնական: Այսինքն` ձևավորվեց տարածական մտայնություն, որտեղ անհատ զինվորի ճիգը դարձավ հասարակության ճիգ: Բայց այդուհանդերձ հասարակության ներսում չեն կայանում այս մտայնության ամրագրման և զարգացման տրամադրություններ: Փոխարենը հանրությունը մեծամասամբ տրվում է հուզական արտահայտչականության պաշտամունքին, դավադրության տեսությունների և հերթական կարճատես քաղաքա«գիտական» հռետորաբանություններին: Մեր մեջ դեռ գոյություն չունի այն կարևոր գիտակցումը, որ որոշ էմոցիաներ պետք է մնան չարտահայտված, որ արտահայտման հետևանքը դա հերթական փակուղին է: Մենք շարունակ ստեղծում ենք հիշողություններ որպես հավաքականության աննյութական առարկայացումներ ու ժամանակ առ ժամանակ վերադառնում վերհանման ծեսերին, այսպիսով` բավարարելով մեր միասնականացման ազգային բնազդը: Այս պատերազմի արդյունքում ստեղծված մտայնությունը նույնպես սպառնում է դառնալ ընդամենը հիշողություն:
Այս նախագիծը ընդունում է հավաքական հիշողությունը որպես կարևորագույն հասկացություն, պարզելու համար Հայ ազգի միասնական կայացման ճանապարհը, և միասնականության կայացման ռեսուրսները: Հետևաբար` այս նախագիծը սկսում է համընդհանուրի գաղափարական հարցումը հավաքական հիշողության դիտարկումից, ընդունելով այն որպես ազգի ընդհանուր ունեցվածքներից մեկը: Հայ ազգի գոյությունը վերջին հարյուրամյակի ընթացքում ունի ինքնաստեղծ ժամանակային փակուղիների շրջապտույտում լինելու բնույթ: Հայ հավաքականությունը արտահայտվում է հիմնականում հուզական և հազվադեպ կառուցողական մտայնությամբ: Հասկանալու համար մեր հավաքական հիշողության որպես ընդհանուր ռեսուրսի բնույթը ու դրա ստեղծած ազդեցությունները, նախագիծը իր առաջին հրապարակումով դիտարկում է քառորդ դար առաջ տեղի ունեցած երկրաշարժը: Վերջինս ծառայում է որպես միջոց ստեղծել ավելի լայն փոխաբերություն վերլուծելու համար նաև օր. 2008թ մարտիմեկյան իրողությունը և Հայոց Ցեղասպանության տարածական ներկայությունը 21-րդ դարում, երկու կարևոր թեմաները, որոնք ենթարկվելու են քննադատական վերլուծության նախագծի հաջորդ երկու Էսսեներում:
Այս նախագիծը համընդհանուրի գաղափարի զարգացմամբ ունի վերջնանպատակ առաջ բերելու տարածքայինության և ինքնավարության ավելի լիարժեք ու ավելի արդիական պարադիգմաներ, որոնց կիրառության դեպքում Հայ ազգը կարող է վերագտնել իրեն գալիք հարյուրամյակներում: x-commons նախագիծը հետաքրքրված չե զուտ դիալեկտիկ, գծային ու կետային մտածողություն զարգացնող վերլուծություններով օր. միայն քաղաքագիտությամբ կամ միայն սոցիոլոգիական վերլուծությամբ կամ միայն մշակութաբանական կամ ազգագրական վերլուծությամբ: Փոխարենը, այն հետաքրքրված է տրանսդիսցիպլինար (միջմասնագիտական) հետազոտություններ իրականացնելու մեջ, հետազոտություններ որոնք կարող են ունենալ նախագծային արդյունք և որոնք կարող են ներգրավել տարատեսակ վիզուալ կամ տեքստային միջոցներ: Միևնույն ժամանակ այն չի հայցում զուտ գրական կամ արտիստիկ արտահայտման ձևեր, որոնք գործում են որպես «գիտություն կամ արվեստ ինքն իր մեջ» տրամաբանությամբ: x-commons հարթակը գործելու է որպես մտքերի փոխանակման վայր, որի աշխատելու տրամաբանությունը կարելի է պատկերել օր. Ժաք Ռանսիեռ ի «գիտելիքների պոետիկան» հասկացությամբ: Այսինքն, դիսկուրսիվ մեխանիզմ, որի միջոցով ինֆորմացիան կխուսափի ուղակի գրականություն դառնալուց և կդառնա գիտելիք, կառուցողական ու քննադատական միաժամանակ:
Որպես համայնք x-commons-ը ունի նպատակ համախմբելու այն նախաձեռնող մտածողներին և կատարողներին, որոնք անտեսում են կառավարական / քաղաքական մեքենան` որպես փոփոխության և բարելավման գործոն, և աշխատում են անկախ ընթացիկ պոպուլիստական օրակարգերից. մարդիկ, ովքեր չափում են ժամանակը մշակույթային դարերով, այլ ոչ թե քաղաքական տասնամյակներով, և նախընտրում են աշխատել հանուն հաստատունների, այլ ոչ թե ժամանակավորների: