ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԸՆԹԵՌՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՅ ԱԿԱԴԵՄԻԱ


Դեկտեմբեր 9, 2019



ՎԱՀԱՆ Մ. ՄԻՍԱԿՅԱՆ

Ճարտարապետ, Կուրատոր

Միննեսոտայի Համալսարան, Քաս Գիլբերտ Ճարտարապետի անվան դասախոս

«Վերահսկելի Քաղաքներ» լաբորատորիայի հիմնադիր ղեկավար

Նյու Յորքի Կոլումբիայի Համալսարանի դասախոս, 2012, 2014-15










Այստեղ ներկայացնում եմ Վենետիկի Բիենալեին Հայկական տաղավարի մասնակցության իմ առաջարկած համառոտ հայեցակարգ/կոնցեպտը այն տեսքով ինչ տեսքով այն ներկայացրեցի ՀՀ ԿԳՄՍՆ։ Հրապարակում եմ առաջին հերթին կրթական նպատակով, երկրորդ հերթին որպես դիսկուրսիվ հայցման միջոց, զարգացնելու հետագա՝ ավելի ծավալուն հրապարակումը։


ՀԱՄԱՏԵՔՍՏ-ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Ինչպե՞ս ենք մենք ապրելու միասին։1 Վենետիկի Բիենալեի հիմնական հարցադրումը առաջադրված է առանց պարզաբանելու թե ինչ բովանդակություն ունի «մենքը», թե ի՞նչ է նշանակում «ապրել», եւ կամ ի՞նչ է նշանակում «ապրել միասին»։ Բնականաբար այս բաց հարցադրումը, թե՛ գիտակցաբար թե՛ անգիտակցաբար առաջ է բերելու բազմաթիվ պատասխաններ, որոնք կընդգծեն մասնակիցների քաղաքական, աշխարհագրական, եւ ընդհանրապես կյանքի մասին ունեցած կանխակարծությունները։ Այս հարցադրումը առաջադրված է մի համատեքստում, որտեղ աջ ազգայնականության ու համընդհանուրների մասին պատմող նոր աշխարհընկալումները բախվում են իրար, ազգ պառակտող քաղաքական պայքարում. մի միջավայրում, որտեղ հիմնադրման առասպելները օգտագործվում են ազատ ժողովրդավարությունը բացառելու նպատակով, պայմանավորված նոր ժողովրդագրական կամ մշակութային տարրերի ներկայացմամբ։ Հարցադրումը միեւնույն ժամանակ առաջ է քաշվում մի միջավայրում, որտեղ մարդկությունը իր քաղաքակրթական մեգակառուցվածքով բացառում է կենդանական ու բուսական կյանքի հետ իր համատեղ ապագան։ Ավելին, հարցադրումը առաջադրվում է մի միջավայրում, որտեղ արհեստական գիտակցության կամ վերահսկելիության կապիտալիզմի գործընթացները, ցանցային կապվածությունը, օգտագործվում է ընդդեմ ժողովրդավար հավաքականության, միեւնույն ժամանակ «մենքի» մեջ ներառելով նաեւ ոչ-կենդանական, սինթետիկ տարրը։ Այս միջավայրը նաեւ պառակտված է հասարակական-տարածական եւ տնտեսական գործընթացներով, բաժանելով մարդկությանը սահմանազատման մեջ գոյատեւող ու ազատ միջպետական տարածության մեջ ապրող հասարակական շերտերի, բնակելի ու անբնակ կենսակերպերի, եւ այլն։ Այսինքն «մենքը» կարելի է ընկալել մարդկային, կենդանական-բուսական ու սինթետիկ գործոններով, «միասինը» ցանցային կապվածությունից մինչեւ համերաշխություն, «ապրելը» գոյատեւելուց կամ օտարացած գոյակցելուց մինչեւ համաստեղծում ու բազմազանություն, եւ այսպես շարունակ։

Վենետիկի Բիենալեի հարյուրամյա պատմության ընթացքում միջազգայինության դեմ եւ կողմ կոչերը ներկայանում են դեռ հիմնադրման օրերից. այս միջոցառումը կարող է ասիմիլացնել երկուսն ել առանց դժվարության, քանի որ դրա տրամաբանությունը գործում է ավելի լայն տարածության մեջ։ Պատմական համատեքստը՝ քաղաք-թանգարանը, այստեղ հանդիսանում է առաջին կաղապարը, իսկ ավելի լայն աշխարհաքաղաքական մշակութային եւ տնտեսական գործընթացները երկրորդ կաղապարը։ Բիենալեի աշխարհաքաղաքական հավակնությունները արտահայտվում են որոշակի քաղաքական առարկայի (սուբյեկտի) ստեղծմամբ, կիրառելով արվեստը կամ ճարտարապետությունը, որպես վերապրում ձեւակերպումը։2 Սեփական մշակութային կապիտալի կուտակումը, մշակույթի ապրանքայինացումը, իրագործվում է առանձին մասնակիցների «էկզոտիկացմամբ», կամ «թեմատիկացմամբ»։ Ի տարբերություն շատ այլ նման միջոցառումների, Վենետիկի Բիենալեին մասամբ հաջողվում է խուսափել մշակութային զվարճանքի զբոսայգու պիտակից, չնայած վերջինիս պատմական ակունքներին։ Այս բիենալեի կարեւորագույն գործոնը, միեւնույն ժամանակ, մնում է ապագայի մասին աշխարհըմբռնում կամ աշխարհապատկեր առաջադրելը։ Այսպիսով՝ մասնակից տաղավարը իր իսկ ներկայությամբ լրացնում է բիենալեի գործող աշխարհընկալումը, թարգմանելով լայն համատեքստը մասնավորի մեջ եւ կամ անելով հակառակը։ Այսինքն՝ թյուր է խոսել ինքնավարության եւ կամ անկախության մասին թեմատիկացման այս տրամաբանության մեջ կրկնելով մնացածներին, առանց մատնանշելու գաղափարաբանական ուղղվածությունը որով տաղավարը կառանձնանա առանց ընդդիմանալու, կժխտի առանց դիմադրելու։ Պատմականորեն, ավելի հաջող տաղավարները առանձնանում են հենց քաղաքական նրբերանգներով, հաստատելով այն ակնհայտ դրույթը, որ քաղաքականությունը եւ մշակույթը, քաղաքականությունը եւ ճարտարապետությունը իրարից անբաժան են։ Գերմանիայի տաղավարը, 1993 թվականի, առավել հայտնի օրինակներից է, որտեղ քաղաքական փաստարկը ու էսթետիկ ներկայացումը արտահայտվեցին ճարտարապետական առարկայի՝ կոտրված հատակի միջոցով։ Այստեղ կարեւոր է ոչ թե կոնկրետ տաղավարի վիզուալ ինքնությունը այլ դրա քննադատական դերախաղը ընդհանուր եւ սեփական-մասնավոր համատեքստում։ Այս տարի նույնպես բազմաթիվ ոչ ավանդական ճարտարապետական մտքեր ներկայանալու են բիենալեում։ Օրինակ՝ Շվեցարիան, արվեստագետների ու տեսանկարահանողների միջոցով ներկայանալու է սեփական սահմանային կյանքի մասին վիդեո-ինստալ յացիոն համադրությամբ, Իռլանդիայի կուրատորական պատմվածքը փորձելու է աղտեղել մարդու եւ ոչ-մարդու սահմանը, Մեծ Բրիտանիայի համադրումը պատմելու է ճարտարապետական մասնավորի ու հանրայինի տարբերության մասին, Ճապոնական տաղավարը, հետագծեր խորագրով, ներկայացնելու է տեղանքին առանձնահատուկ համադրություն, Ավստրիան խոսելու է թվային հարթակների ճարտարապետության մասին, Կանադան՝ խաբկանք-քաղաքների մասին, եւ այլն։ Արեւմտյան եւ Արեւելյան կիսագնդերի քաղաքական-մշակութային կանխակարծությունները կարտահայտվեն նաեւ այս բիենալեում, ինչպես ամեն տարի։ Դրանցից որոնք հաջող եւ որոնք անհաջող պատմվածքներով լրացնելով-թարգմանելով կամ համալրելով այս միջոցառման հավաքական աշխարհընկալումը։ Հայաստանի տաղավարը ունի եզակի հնարավորություն ինչպես նաեւ պատմական հանձնառություն առանձնանալու, եթե կարողանա ճշգրտորեն գիտակցել սեփական քննադատական դերախաղը այս միջազգային ճարտարապետական եւ մշակութային իրադարձության մեջ։


ԿՈՒՐԱՏՈՐԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ


Հայ Ակադեմիան այստեղ հանդիսանում է այն տարածական փոխաբերությունը որով տարածական նոր պայմանագրի3 եւ ապագա աշխարհընկալման հայկական կոնցեպտը կներկայանա բիենալեում։ Վենետիկի Բիենալեում ապագայի աշխարհընկալումները տեղադրված են, եւ մեկնարկում են պատմական համատեքստից։ Այստեղ, ի հավելում Վենետիկի քաղաք-թանգարանի, մենք գործ ունենք Սուրբ Ղազար կղզու, Հայկական վանական կյանքի, ինչպես նաեւ Հայկական ինքնավարության պատմական համատեքստի հետ։ Ավելին, լինելով ճարտարապետական իրադարձություն, այս ամենը գրանցվում է ճարտարապետական պատմականության եւ դիսկուրիվ համատեքստում։ Հետեւաբար՝ այս պատմվածքի առաջին նրբերանգը վերհանում եւ ընդգծում է ճարտարապետության եւ ակադեմիայի հարաբերությունը, ինչպես նաեւ դրա առանձնահատկությունը հայկական մտքի պատմության համատեքստում։ Այս հարաբերության մասին մանրամասնելուց առաջ պետք է պատկերացնել, նախ եւ առաջ Վենետիկի Հայկական կղզու պատմական ինքնավար կարգավիճակը։ Ինչպես հայտնի է հենց ակադեմիական դասակարգման շնորհիվ հնարավոր դարձավ պահպանել Սուրբ Ղազար կղզու մշակութային կյանքը Եվրոպական աշխարհամարտերի Նապոլեոնական դարաշրջանում։ Վենետիկի բիենալեի պատմական ակունքները, ի դեպ, հանդիսանում են հենց Նապոլեոնական արշավները, որոնք դատարկեցին քաղաքը իր մշակութային հարստության մի զգալի մասից, այդպիսով ուրվագծելով բիենալեի պատմական երեւակայականը փորձել վերականգնել երբեմնի կորսված մշակութային հարստությունը։ Սուրբ Ղազար կղզու նշանակումը որպես ակադեմիա, այլ ոչ թե ուղակի թանգարանային հավաքատեղի, ճանաչեց այս տարածքի գիտական ստեղծարար մասնակցությունը Եվրոպական կյանքին։ Այսինքն՝ մենք գործ ունենք ոչ թե թանգարանի այլ գիտական գործողության վայրի հետ։ Իսկ ի՞նչ կապ գոյություն ունի ճարտարապետության որպես առանձին մտքի ձեւի եւ ընդհանրապես ակադեմիայի միջեւ։ Կարելի է ուրվագծել մի ամբողջ պատմություն ֆրանսիական ակադեմիայի, ապա նաեւ ակադեմիայի, ընդհանրապես, եւ դրանում ճարտարապետական դպրոցների հակասական պատկանելիության միջեւ։ Առանց մանրամասնելու նշեմ միայն, որ Արեւմտյան ակադեմիական տարածությունը ձեռք է բերում գիտական գործողության վայրի կարգավիճակ թեզերի ու հակաթեզերի խաղում։ Իմ փաստարկներից մեկը կայանում է նրանում, որ ի տարբերություն Արեւմտյան իմացաբանության Հայկական աշխարհաճանաչությունը կառուցվում է ոչ միայն վիճարկումների ու հակափաստարկների միջոցով, այլ նաեւ գաղափարների ավելացման, հավելման գործընթացում։ Լինելով հիմնված Քրիստոնյա վանական ավանդույթի վրա, Հայ Ակադեմիան կամ գիտական գործողության վայրը, ըստ էության կարող է ներառել միաժամանակ երկու իմացաբանական բեւեռներ, կամ էպիստեմներ։ Սա մի տեսարան է, որտեղ տարբերությունները անպայման չէ տկարացնել՝ վերածելով հակադրության, իսկ տարբեր ձայները ենթարկել սինթեզի կամ կրճատման, որպեսզի նրանք համատեղվեն միատար աշխարհըմբռնման պատկերաստեղծ պրոցեսի մեջ։ Նման սիմֆոնիկ նվագախմբին, այստեղ աշխարհաճանաչության առանցքները կարող են ձայնակցել։ Այսպիսով՝ ճարտարապետությունը, որպես մտածելու ձեւ, պարտավոր չե գործել միայն իմացաբանական մի ռեժիմում, այն կարող է ավելացնել առանձ ժխտելու, բացասել առանց ընդդիմանալու։ Մանրամասնելով փաստարկի առաջին նրբերանգը հրավիրում եմ Ձեզ պատկերացնելու հայկական տաղավարը, նախ եւ առաջ որպես ապրող բովանդակության այլ ոչ թե մեռած ձեւաբանության տեսարան, դարբնոց այլ ոչ թե մետաղյա իրերի պահարան։ Այցելուն այստեղ, առաջին հերթին նկատելու է, ինչպես նաեւ մասնակից է դառնալու աշխարհայացքի ակտիվ ձեւավորման գործընթացին, հայտնվելով մի հավաքական արվեստանոցում, որտեղ գիտությունը, ճարտարապետությունը, փիլիսոփայությունը ու արվեստները ձայնակցում են միմյանց։ Այսինքն՝ տաղավարի առաջին ֆունկցիաներից մեկն է Սեբաստացու հիմնած ապրող իմացո թյան վայրը դարձնել ընթեռնելի, ժամանակավորապես ընդլայնելով դրա ճարտարապետական թափանցիկությունը մերօրյա մարդու մասնակցությունը հնարավոր դարձնելու համար։ Այսպիսով՝ նոր բովանդակությունը եւ ցուցադրությունները պիտի ամբողջությամբ ակտիվացնեն գոյություն ունեցող ճարտարապետական համատեքստը։ Ընդհանուր կոնցեպտի, եւ փաստարկի երկրորդ նրբերանգը ընդգծում է Հայկական մետա-աշխարհագրական metageographic բաց աշխարհում գտնվելու ըմբռնումը, ինչպես նաեւ դրանով պայմանավորված որոշակի քաղաքական սուբյեկտությունը ու գործի դրվող տարածական ազատական պայմանագիրը։ Ի հավելում հենց կղզու տարածքային պատմության քարտեզագրմանը, ռազմավարական մակերեսի աշխարհաքաղաքական գործընթացներում, տաղավարը ընդգծելու է նաեւ հայ հավաքականության տարածական էությունը, քայլը աշխարհում, գծային, պատկերային եւ մեդիա-ալգորիթմիկ միջոցներով։

Այն ինքնաստեղծ կղզին, որտեղ մենք բնակվում ենք հայովի քայլում է ապագայում, ներկա գտնվելով նաեւ անցյալում։ Այս տարածքը ձուլարան է նաեւ ինքնատիպ քաղաքական առարկայի ու հարաբերության դրսի եւ ներսի գոյության հետ։ Լինի դա երթ դեպի ցեղասպանության հուշահամալիրը Երեւանում, թե դեպի Թուրքիայի դեսպանատունը Վաշինգտոնում, թե այլեւայլ ուղղություններով այլեւայլ քաղաքներում, ապրիլ 24 յան տարածությունը հայկական աշխարհում մեզ գալիս է ներկայանալու որպես ժամանակակից հայի հավաքականության կենսագործման վայր կամ տարածք ամբողջություններից մեկը։ Նկատի առնենք մի պահ այն հանգամանքը, որ մեր հավաքականությունը, կամ ավելի պատկերավոր ասած հավաքական գոյակերպի կղզեխումբը՝ արշիպելագը, տեսանելի է դառնում մեզ հենց այս տեսակ տարածք-ամբողջության միջոցով։ Այս արշիպելագը բազմապատկվեց ու ընդգծված տեսանելիություն ձեռք բերեց 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակ։ Այսպիսով, խոսելով հայկական աշխարհընկալման մասին, որը պիտի ներկայանա Վենետիկի Բիենալեում, մենք խոսում ենք ժամանակակից հայի տեսակի գոյաբանական իրադարձություն մասին։ Մենք միեւնույն ժամանակ խոսում ենք ցանցային մի ժողովրդավարության մասին, որտեղ քաղաքները կյանք են առնում մարդու տարածական գործոնի միջոցով։ Այսօր աշխարհի բոլոր քաղաքներում կարելի է նկատել իրարից անջատ քաղաքական զարգացումներ, իսկ համատեղ վեկտորներից մեկը հենց գլոբալ կլիմայական փոփոխությունների զանգվածային բնապահպանական ցույցերն են։ Այնուամենայնիվ, չի ձեւավորվում որեւէ հավաքական լեզու խոսելու համընդհանուրների մասին, որովհետեւ ժամանակակից մարդուն անտեսանելի է այն ինչ տեսանելի է հայկական աշխարհընկալմանը կամ նրա մետա-աշխարհագրական տեղաբաշխվածության ներսից։ Այն տարածական շարահյուսությունը, սինտաքսը, որի մասին այս տաղավարը պիտի պատմի ընդգծելու է բաց աշխարհագրական մասշտաբներում գտնվող մարդու աշխարհաստեղծ գործոնը։ Խոսելով հայի աշխարհում գտնվելու ինքնիմացությունից, տաղավարը կխոսի Դելուզիան Deluzian ան-արխիկ կամ առանց հիերարխիայի որոշակի nomos-ի մասին (nomos այսինքն “օրենք, իրավունք” կամ “սովորույթ” եզրույթների մասին գաղափար հին Հունական փիլիսոփայությունից)։ Պայմանավորված բաց, գլոբալ եւ միեւնույն ժամանակ տեղանքին որոշակի աշխարհընկալմամբ, մարդու ազատ գործոնը շարադրում է տարածական պայմանագիրը որը չի ընդգծում տարածության պարփակում կամ սեփականացում։ Նման Հոմերական հասարակարգին իրավունքը այստեղ «առաջին հերթին [նշանակում է] զբաղեցրած տարածք, բայց տարածք առանց որոշակի սահմանների»4 այսպիսով խոսելով հայկականության աշխարհընկալման ինչպես նաեւ մարդաստեղծ արշիպելագի հիմնական բաղկացուցիչներից մեկի մասին։ Ընդհանուր կոնցեպտի երրորդ նրբերանգը առաջ է գալիս, երբ դիտարկում ենք այս տարածական պայմանագիրը վերահսկելիության հանձնագրի համատեքստում։ Վերջինիս մասին մանրամասնել եմ իմ հետազոտության, ԱՄՆ Մինեսոտայի Համալսարանում իրականացված ցուցահանդեսի եւ դրանից բխող «Ազատ մարդ, թե՞ վերահսկելիության հանձնագիր»5 հոդվածում։ Չմանրամասնելով միայն նշեմ, որ հասարակական տարածության որոշակի ճարտարապետական ընթեռնելիությունը հնարավոր է դառնում համընդհանուրների մասին նոր գիտակցմամբ, ինչպես նաեւ դրանում քաղաքական-տարածական գործընթացի նոր բնույթով, (մանրամասների համար տես վերը նշված հոդվածը)։ Հայկական տաղավարը փաստելու է թե ինչպես են մարդիկ միասին ապրելու ազատ այլ ոչ թե բռնապետության մեջ, աջ-ազգայնական կամ տեխնոկրատ երեւակայականներից ծնված։ Թե ինչպես են մարդիկ միասին ապրելու համընդհանուրը սեփականության վերածող տարածական շարահյուսությունից դուրս, կամ առանց բացառելու ոչ-մարդկային գործոնը, եւ առանց ասիմիլացվելու վերահսկելիության հանձնագրին։ Այն ընդգծելու է միասինը, ներառելով նաեւ այցելուներին վանական կյանքի եւ ցուցադրության միջերեսում որպես ցուցադրության բաղկացուցիչ մաս։ Հայկական տաղավարը, ամեն ինչից զատ, ձեւափոխելու է բիենալեի որոշակի քաղաքական սուբյեկտության կարգավիճակ ունեցող այցելուին, ընդունելով նրան որպես հոգի/անձ այլ ոչ թե մարմին, որպես ստեղծարար մասնակից այլ ոչ թե սպառող։

Այն քննադատական դերախաղը որը պիտի իրականացնի հաջողված տաղավարը պայմանավորված է լինելու տաղավարի դիսկուրսիվ, ինչպես նաեւ վիզուալ-տարածական մասնակցությամբ։ Միացնելով իրար իմացաբանության, ճարտարապետության, քննադատական աշխարհագրության, իրավագիտության փիլիսոփայության, արվեստի պատմության եւ հայագիտության դիսկուրսիվ թելերը այստեղ մատնանշում եմ փաստարկի եւ կուրատորական պատմվածքի նրբերանգներից ընդամենը մի քանիսը, որոնք թույլ կտան հայկական տաղավարի ընդգծված ներկայությունը Վենետիկի Բիենալեում, պատասխանելով նաեւ տեքստի սկզբում իմ նշած դրույթներին։ Ամենից զատ համարում եմ, որ այս Վենետիկի Բիենալեն առաջին հերթին պիտի կիրառվի որպես գործիք հայ հավաքականությունը, եւ ստեղծագործ համայնքը ինքներս մեզ ընթեռնելի դարձնելու եւ ինքնորոշվելու նպատակով։

Ցուցադրության բովանդակություն-մեթոդ


Բովանդակությունը գեներացվելու է մի քանի եղանակով։ Առաջին հավաքածուն կներառի հրավիրված արվեստագետ, բանաստեղծ կամ ընդհանրապես տարածական ստեղծագործողների հետ համագործակցությունից առաջացած կետային ինստալյացիաներ։ Հաջորդ հավաքածուն կգեներացվի այցելուների մասնակցությամբ։ Երրորդ հավաքածուն, եւ համակարգող առանցքը կգեներացվի օգտագործելով իմ ընթացիկ հետազոտության բովանդակությունը (տես կից փաստաթուղթը կամ vahanmisakyan.com, x-commons.com), վերջին ծավալային հավաքածուն, ի հավելում երրորդին՝ բաց գծագրական կամ վիզուալ-վերլուծական մրցույթի միջոցով, որի արդյունքները կհամադրվեն ալգորիթմիկ ML մեթոդաբանությամբ։ Ընդհանուր կուրատորական պատմվածքի նրբերանգներից մեկը դրսեւորվում է ցուցադրության հավաքական կերպով ստեղծված բովանդակության մեջ։ Ընդգծելով ընդհանուր մտածելու ռիթմը այլ ոչ թե առանձին մասնակիցների ինքնությունը, ցուցադրելով համատեղ մտավարժանքը, հնարավոր կդառնա ստեղծել այն արվեստանոց-տարածությունը, որի մասին արդեն խոսեցի, այն աշխարհապատկերի ձուլարանը, որին կմասնակցեն նաեւ այցելուները։

Հրավիրված մասնակիցների ցանկը կարող է ներառել հայազգի, ճանաչված տարածական արվեստագետների, օրինակ՝ Զարուհի Աբդալյան, գիտական եւ ճարտարապետական գործունեությամբ զբաղվող հայազգի մասնագետներ, օրինակ` Ալեն Սայեղը Հարվարդի համալսարանից, հանրահայտ հայազգի բանաստեղծների, օրինակ՝ Պետեր Բալաքյան, Արիս Ջանիգյան։ Նշված մարդկանց հետ ես ուղիղ կապի մեջ եմ, բայց որպես գլխավոր կուրատոր նաեւ մտադրված եմ հրավիրել ակտիվիստ եւ դերասան Արսինե Խանջյանին, ինչպես նաեւ Ատոմ Էգոյանին (բաց եմ նաեւ նոր առաջարկների եւ կապերի)։ Այսպիսով՝ նյութի էությունը եւ հրավիրված մասնակիցների ներդրումը, դրա ձեւաչափը, կորոշվի քննարկումների արդյունքում։ Երկրորդ հավաքածուն կստեղծեն հենց այցելուները։ Եթե այլ տաղավարներում նրանք ընդհամենը մարմին են ապա այս տաղավարում նրանք կգրանցվեն նաեւ որպես անձ կամ հոգի, քանի որ հայ լեզուն հաշվում է հոգիները այլ ոչ թե մարմինները։ Մասնակցելով նույն մտավարժանքին, որին բաց մրցույթ-առաջադրանքի տեսքով կմասնակցի նաեւ հայ ստեղծագործ հանրությունը, նրանց կարգավիճակը կփոխվի։ Ըստ հայ ակադեմիա կոնցեպտի, տաղավարը պիտի ապրի եւ ընդլայնվի բացման օրվանից մինչեւ ավարտը։ Ընդհանուր ծրագիրը կներառի մրցույթ, հարցազրույցներ, ցուցադրության բացում եւ ելույթների շարք, տեսագրություն եւ գրքի հրապարակում։






Մրցույթի առաջադրանքը կհրավիրի բոլոր հայ ճարտարապետներին եւ ընդհանրապես ստեղծագործ տարածական գործունեություն ծավալող մարդկանց մտածել մարդու հավաքական տարածական գործողության մասին, հյուրընկալությունից մինչեւ օտարում, պայքարից մինչեւ խաղ, այսպիսով՝ վերծանելով հասարակությունը որպես հորինվածք։




Տաղավարը փաստում է որ ճարտարապետությունը, որպես համակցող, կարող է ներառել ոչ միայն որպես ֆիզիկական տարածություն այլ նաեւ մտածելակերպ։ Հյուրընկալությունը, ժողովրդավարությունը, ազատությունը, եւ ակադեմիայի մնացած բաղկացուցիչները, որոնց մասին խոսեցի, այսպիսով՝ ստանում են տարածական-քննադատական ընթեռնելիություն։









Հոդվածի ամբողջ բովանդակությունը, ինչպես նաև գրաֆիկական և գաղափարական նյութերը և ներկայացումները առարկա են Վ. Միսակյանի հեղինակային իրավունքին և չեն կարող վերարտադրվել կամ օգտագործվել առանց վերջինիս կողմից գրավոր կերպով արտահայտված թույլատվության:



ՀՂՈՒՄՆԵՐ

1. տես Sarkis, Hashim. 2020. “Biennale Architettura 2020: How Will We Live Together?” La Biennale Di Venezia. 2020. https://www.labiennale.org/en/news/biennale-architettura-2020-how-will-we-live-together.


2. տես George Baker. “ The Globalization of The False” in Elena Filipovic, Marieke van Hal, Solveig Øvstebø ed., The Biennial Reader. Bergen: Hatje Cantz Verlag, 2010.


3. տես հղում 1. 2020 Վենետիկի Բիենալեի կուրատորը հրավիրում է մասնակիցներին մտածելու նաեւ “տարածական նոր պայմանագիր” չսահմանված եզրույթի շուրջ


4. տես Gilles Deleuze, Difference and Repetition, Թարգմանիչ. Paul Patton (Columbia University Press, 1994), 309. Տես նաեւ Thanos Zartaloudis, The Birth of Nomos (Edinburgh University Press, 2018), 140-144.


5. տես Միսակյան, Վահան, “Վերահսկելիության Հանձնագիր, Թե՞ Ազատ Մարդ” x-commons.com, Սեպտեմբեր 18, 2019. <https://x-commons.com/9680106>










︎ | ︎ | ︎ | ︎


© 2016-18 X-COMMONS.COM

The entire content of the website, as well as its graphic and conceptual presentation, are subject to the copyright of the respective author and may not be reproduced or used without the express written permission of said author.

Mark